ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼ

ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼ
01.05.2012 | 00:00

ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԴԱԴԱՐ Է ՎԵՐՑՆՈՒՄ

«Ես միշտ կարճաժամկետ պայմանագրեր եմ կնքել միայն, քանի որ «Բարսայի» պահանջները շատ բարձր են: Մենք պարտվեցինք երկու մրցաշարում: Այնպես որ, սա լավագույն պահն է հեռանալու մասին հայտարարելու համար: Պատճառը պարզ է: «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում չորս տարին ամբողջ հավերժություն է», -սրանք ուրբաթ կայացած ասուլիսում Խոսեպ Գվարդիոլայի բարձրաձայնած խոսքերն են, որոնք մեջբերում ենք ամբողջությամբ, քանի որ դրանց հատվածական մեջբերումը կարող է տեղիք տալ խիստ կամայական մեկնաբանությունների:

Այո, այս մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան լքում է «Բարսելոնը» (լքել բառից հետո խնդրում եմ ևս մեկ անգամ կարդալ ու իմաստավորել չորս տարին հավերժության հետ հավասար հարթությունում դիտարկված համեմատությունը), այն «Բարսելոնը», որը նրա ղեկավարության տարիներին հասցրեց դառնալ Իսպանիայի առաջնության (2008-2009, 2009-2010, 2010-2011 թթ.) ու սուպերգավաթի եռակի (2009-2011թթ.), Եվրոպայի չեմպիոնների լիգայի (2008-2009, 2010-2011 թթ.), ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի (2009, 2011թթ.), աշխարհի ակումբային առաջնության (2009, 2011 թթ.) կրկնակի, երկրի գավաթի հաղթող: Չորս տարվա մեջ տասնվեց հնարավորից տասներեք նվաճում: Ակումբային թիմի համար աշխարհում հնարավոր բոլոր տիտղոսները:

Արդ` կարելի՞ էր մնալ ու ավելացնել դրանց թիվը:

Հարկավ:

Անվիճելիորեն:

«Բարսան» դրա համար ունի ահռելի պոտենցիալ:

Բայց` որ ի՞նչ:

Եթե պատմության համար, այդ պատմությունն արդեն իսկ կերտված է (բացի այդ, պատմություն կերտելու շարունակականությամբ ոչ մեկին չես զարմացնի):

«Բարսելոնի» խաղային որակներն ավելի հղկելու համա՞ր:

Սակայն կատարելությունը չի ճանաչում սահմաններ:

Դժգո՞հ էին նրա աշխատանքից:

Միամտություն է այս մասին անգամ ենթադրելը: Ոչ թե ինքը, այլ ակումբի ղեկավարությունն էր ամեն կերպ համոզում նրան մնալ ու աշխատել` քանի-քանի անգամ բարձրաձայնելով, որ, անկախ մրցաշրջանի արդյունքից, ձգտում է նոր պայմանագիր կնքել նրա հետ:

Դժգոհ էր աշխատանքի դիմաց ստացած վճարի՞ց:

Նաիվություն է: «Բարսելոնում» մնալու և գործունեությունը շարունակելու համար ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել է վերցնել թուղթ և գրիչ ու նշել ստանալիք աշխատավարձի իր ուզած թիվը: ՈՒզած թվի տակ ակումբի ղեկավարությունը, կարծում եմ, չեք կասկածում, նկատի ուներ Գվարդիոլային «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի կողմից առաջակվող եթե ոչ մաքուր քառասուն միլիոն ֆունտ ստեռլինգը գերազանցող գումար, ապա առնվազն գոնե այդքան:

ՈՒրեմն` ո՞րն է հեռանալու բուն պատճառը:

Ավաղ, գոհացնող ոչինչ չեմ կարող հուշել ավելի, բացի ասուլիսում նրա բարձրաձայնածը նորից կարդալու մասին խորհուրդ տալուց ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելով չորս տարին ամբողջ հավերժության հետ համեմատության վրա:

Հասկանալի է, որ աշխարհում ոչ մի նավ չի կարող լինել առանց նավապետի: Բնականաբար, այդպիսին չի լինի նաև «Բարսելոնը», մանավանդ որ, ի դեմս Գվարդիոլայի ասիստենտ Տիտո Վիլանովայի, հայտնի է այդ մարդը: Այնպես որ, տաղանդավոր այս մարզչի հեռանալուց հետո փակված է կատալոնյան ակումբի ղեկին Ֆրանսիայի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Լորան Բլանին, Գերմանիայի ազգային ընտրանու ղեկակալ Յոահիմ Լյովին, «Աթլետիկի», «Ռոմայի», «Օլիմպիակոսի» մարզիչներ Մարսելո Բիելսային, Լուիս Էնրիկեին, Էռնեստո Վալվերդեին, «Չելսիի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին տեսնելու մասին համաշխարհային լրատվությունների ենթադրությունների էջը: «Բարսելոնը» նախապատվությունը տվեց այն մարդուն, ով այս տարիներին Գվարդիոլայի հետ կերտում էր աշխարհի մեծագույն թիմի խաղային ձեռագիրը, ձեռագիր, որ բոլորին կաշառեց իր հասունությամբ, վառ, դիտարժան, հարձակողական ֆուտբոլի դավանաբանությամբ` աշխարհի ամենատարածված այս խաղը բարձրացնելով արվեստի մակարդակի:


ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՄՐՑԱԿՑԵՆ «ԱԹԼԵՏԻԿՆ» ՈՒ «ԱԹԼԵՏԻԿՈՆ»

Ի տարբերություն Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղերն անհամեմատ հաջող ավարտ ունեցան իսպանական ակումբների համար: Այստեղ խնդիրն այսպես էր դրված. որպես ֆուտբոլային գերտերություն` Իսպանիան եզրափակիչում ներկայացված կլինի մե՞կ, թե՞ երկու ակումբով:

Եզրափակիչ անցնելու խնդիրն անհամեմատ ավելի թեթև բարդության էր Մադրիդի «Աթլետիկոյի» համար, որը սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության էր հասել «Վալենսիայի» նկատմամբ: Ճիշտ է, պատասխան խաղում վերջինիս շանսը կարող էր գրեթե զրոյական դառնալ, եթե Մադրիդում երկրորդ խաղակեսի հավելյալ ժամանակում Ռիկարդու Կոշտան չխփեր երկրորդ գոլն ու իր թիմին հույսի շող չպարգևեր:

Հանդիպումն ունեցավ լարված ընթացք: Սա միանգամայն սպասելի էր` ոչ միայն խաղի ընդհանուր տրամաբանությամբ պայմանավորված, այլև նրանով, որ վերջին երեք խաղում «Մեստալիեում» վալենսիացիները չափազանց արդյունավետ են խաղում` մրցակիցների դարպասը խփելով ոչ պակաս չորս գնդակ: Այս ամենը, անշուշտ, նկատի էր առել «Աթլետիկոն»` ընտրելով պաշտպանությունից խաղալու տակտիկա և գրոհի անցնելով միայն պատեհ առիթի դեպքում:

Չնայած վալենսիացիների բուռն գրոհներին` խաղի առաջին կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց, ինչը թիմի խաղին հաղորդեց ավելորդ նյարդայնություն, իսկ վերջնահաշվում արդյունքը այն եղավ, որ նկատելիորեն աշխուժացած «Աթլետիկոն» կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու խաղը շահել 1:0 հաշվով: Փաստորեն, վերջին երեք տարում մադրիդցիներին երկրորդ անգամ հաջողվեց դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Հիշեցնենք, որ թիմի առաջին փորձը պսակվել է հաջողությամբ: Կկարողանա՞ն մադրիդցիները նորից հայտնվել ձիու վրա, տուն դառնալ վահանով, ցույց կտա մայիսի իննին Բուխարեստում կայանալիք եզրափակիչը:

Եզրափակիչ դուրս գալու համար անհամեմատ մեծ խնդիրներ ուներ Բիլբաոյի «Աթլետիկը», որը մրցակցի հարկի տակ զիջել էր 1:2 հաշվով: Ճիշտ է, պատասխան խաղը սեփական հարկի տակ անցկացնող թիմի համար սա բավականին հարմարավետ հաշիվ է, սակայն, հասկանալի է, որ հաղթանակի համար պիտի կարողանաս քրտնել:

Առաջ անցնելով ասենք, որ «Աթլետիկոն» իրեն չխնայեց, սակայն սա չի նշանակում, թե «Սպորտինգն» անկամ իրեն հանձնել էր մրցակցի ողորմածությանը: Ողջ խաղի ընթացքում ծավալվել էր համառ ու անզիջում պայքար, և մինչև խաղի ութսունութերորդ րոպեն դեռևս պարզ չէր` կպահանջվի՞ լրացուցիչ ժամանակ, թե՞ ոչ, քանի որ դեռևս առաջին խաղակեսում պորտուգալական ակումբը կարողացել էր երկու հանդիպումների կտրվածքով կրկնել առաջին խաղի արդյունքն ու հասնել ոչ-ոքիի:

Բեկումնային եղավ վերը հիշատակված ութսունութերորդ րոպեն: Դարպասի գրավման երկու դեպքին էլ իր գոլային փոխանցումներով վճռորոշ մասնակցություն ունեցած Լիորենտեն դարձավ գոլի հեղինակ ու իր թիմի առաջ բացեց եզրափակիչ տանող ճանապարհը:

Շնորհիվ այս հաղթանակի, «Աթլետիկը» կարողացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչը դարձնել բացառապես իսպանական: Եթե ուշադրություն դարձնենք «Աթլետիկի» ու «Աթլետիկոյի» վարչատարածքային ներկայացվածության խնդրին, դժվար չէ նկատել, որ այն հիշեցնում է իսպանական երկու մեծագույն ակումբների փոքրիկ մոդելը: Հարցի այսպիսի կտրվածքով սա, իհարկե, նեղիսպանական ու ներիսպանական խնդիր է, սակայն եզրափակչին ակնհայտորեն լրացուցիչ համ ու հոտ հաղորդող, իսկ դրանից շահողն անվիճելիորեն լինելու ենք բոլորս: Նկատի ունեմ մարզասերներիս: Մնանք դիտարժան, լարված պահերով լեցուն մրցակցության ակնկալիքով: Համենայն դեպս, հավատացած եմ, որ թիմերն ամեն ինչ կանեն գոլառատ ֆուտբոլ ցույց տալու և իրենց երկրպագուներին ուրախացնելու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ